Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ժողովրդավարության զարգացման չափանիշ

Ժողովրդավարության զարգացման չափանիշ
28.04.2025 | 22:12

Իմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմպիչմենտի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․

* 1992թ․սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն տվեց նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա մասնակցության համար: 1992 թ․ հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատում վերջնական քվեարկության նախորդ օրը, նա հրաժարական է տվել։

* 1997թ․փետրվարին Էկվադորի խորհրդարանը երկրի նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարեց կառավարելու համար «մտավոր անկարող» և հեռացրեց իշխանությունից։ Աբդալլա Բուկարամը փախել է Պանամա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։

* 2000թ․նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմպիչմենտի օգտին։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Այն ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ և 2001թ․ հունվարի 20-ին Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց։

* 2001թ․Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկեց նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմփիչմենտի օգտին: Նա չկարողացավ հաղթահարել երկրում առկա տնտեսական դժվարությունները և իր դեմ հանեց տարբեր քաղաքական և կրոնական խմբերի, այդ թվում՝ բանակը։ Իշխանության ղեկին մնալու Վահիդ Աբդուրահմանի փորձերը չստացան երկրի բնակչության աջակցությունը։

* 2004թ․ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմփիչմենտի ենթարկեց նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Խորհրդարանականները նրան մեղադրում էին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Սեյմի 137 պատգամավորներից 115-ը։

* 2012թ․հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։

* 2016թ․օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմպիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագահին իմփիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։

* 2016թ․դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

* 2017թ․նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենտի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։

* 2020թ․նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմպիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։

* 2022թ․դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմպիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենտը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ